Թուրքիայի համար պոտենցիալ վտանգավոր երկրների ցանկից Հայաստանի հանելը կրում է զուտ քարոզչական բնույթ: Տվյալ դեպքում այդ քայլով Թուրքիան փորձում է ցույց տալ, որ իշխանությունը ցանկանում է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, սակայն այդ քայլում կա դիվանագիտական եւ քաղաքական ինտրիգ: Այդ մասին նոյեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ՊՆ-ին առընթեր Հանրային Խորհրդի անդամ, ռազմնական հոգեբան Դավիթ Ջամալյանը:
«Եթե Թուրքիայի իշխանությունները ցանկանում են բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ եւ այլեւս չեն ընկալում որպես թշնամի, այդ դեպքում ոչինչ չի կարող խանգարել նրանց կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ առանց նախապայմանների»,- նկատել է Ջամալյանը:
Ռազմական հոգեբանի կարծիքով, եթե թուրքական կողմն առանց նախապայմանների կարգավորման փորձ ձեռնարկի, ուրեմն իսկապես քաղաքականության մեջ ինչ-որ բան վերանայվել է: Հակառակ դեպքում դա քարոզչական քայլ է, որի նպատակն է դուրս մղել Ռուսաստանին:
Ջամալյանը չի բացառել, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունում կարող են կարծիքներ հնչել, որ ռուսական ռազմակայանը խանգարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, մինչդեռ ռուսական ռազմակայանի ներկայությունն անվտանգության ապահովման լրացուցիչ երաշխիք է:





























