Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 9-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբեւի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահն ընդգծել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը եւ գոհունակությամբ նշել, որ նախագահ Մեդվեդեւի Հայաստան կատարած պետական այցի ընթացքում երկու երկրների նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կյանքի են կոչվում: Հանրապետության ղեկավարը խոսել է, հատկապես, տարածաշրջանների միջեւ ուղղակի կապերի հաստատման եւ համագործակցության ընդլյանման մասին, որի օրինակներից մեկն էլ Ռոստովի մարզի նահանգապետի այցն է մեր երկիր:
Նախագահ Սարգսյանի խոսքով` Ռուսաստանի մարզերն իրենց տնտեսական հնարավորություններով եւ տարբեր ոլորտներում համագործակցության ներուժով Հայաստանի մարզերի համար հուսալի եւ լավ գործընկեր կարող են լինել: Հանրապետության ղեկավարը տարածաշրջանների միջեւ փոխգործակցության զարգացման գործում կարեւորել է նաեւ ՌԴ մարզերում բնակվող մեծաթիվ հայերի դերը:
Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբեւը գործնական եւ արդյունավետ է համարել Հայաստանում իր ունեցած հանդիպումներն ու քննարկումները` նշելով, որ տարբեր ոլորտներում արդեն ձեռք են բերվել համագործակցության որոշակի պայմանավորվածություններ: Վասիլի Գոլուբեւի համոզմամբ, Հայաստանի եւ Ռոստովի մարզի միջեւ գյուղատնտեսության, արդյունաբերության, գիտության, զբոսաշրջության եւ մի շարք այլ բնագավառներում փոխգործակցությունը հեռանկարային է: ՌԴ նահանգապետը կարեւորել է Հայաստանում Ռոստովի մարզի օրերի անցկացումը, որի շրջանակներում կներկայացվի իր ղեկավարած մարզի հնարավորություններն ու համագործակցության ամբողջ ներուժը:





























