Հայաստանում կանանց 9,2 տոկոսը ենթարկվել է հարկադիր սեռական հարաբերությունների մանուկ հասակում: Այդ մասին վկայում են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ Հայաստանում անցկացված կանանց հանդեպ ընտանեկան բռնության վերաբերյալ համահանրապետական հարցման արդյունքները:

Ըստ այդ հարցումների՝

ա) Հարցմանը մասնակցած կանանց 6 տոկոսը մանուկ հասակում ականատես է եղել իր մոր հանդեպ ֆիզիկական բռնության,  7,9 տոկոսը լսել է դրա մասին:

բ) Կանանց զուգընկերներն ավելի բռնարար են, եթե նրանց մայրերին ծեծել են ամուսինները: Իրենց զուգընկերոջ կողմից երբեւէ ֆիզիկական բռնության ենթարկված կանանց շրջանում բռնության ենթարկված մայրեր ունեցողների տոկոսը 8 անգամ բարձր է (20.9 տոկոս):

գ) Այն տղամարդիկ, ում մայրերին ծեծել են ամուսինները, 10 անգամ ավելի հակված են բռնություն գործադրել իրենց կանանց նկատմամբ (43,6 տոկոս), քան նրանք, ում մայրերը ծեծի չեն ենթարկվել (4,5 տոկոս):

դ) Բռնությունն անբարենպաստ ազդեցություն ունի այն երեխաների հոգեկան առողջության վրա, ում մայրերը բռնության են ենթարկվել: Հաճախակի մղձավանջեր ունեցող, ագրեսիվ եւ հաճախ գիշերամիզությամբ տառապող երեխաների տոկոսը համապատասխանաբար գրեթե 2, 3 եւ 1,5 անգամ բարձր է այն կանանց երեխաների շրջանում, ովքեր ենթարկվել են բռնության:

Հայաստանում իրականացված բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ Հայաստանի դպրոցներում ֆիզիկական բռնությունը հազվադեպ երեւույթ չեն:

Ընդ որում` որքան բարձր է կրթվածության մակարդակը, այնքան ավելի մեծ է հարցման մասնակիցների տոկոսը, ովքեր կանանց ֆիզիկական, սեռական ու հոգեբանական բռնությունը ճշգրիտ որակում են որպես գենդերային բռնություն: