Մինաս Ավետիսյանի երկու՝ «Խաչքարի մոտ» եւ «Հանդիպում» որմնանկարները, որոնք վերականգնվել են իտալացի մասնագետ Ֆաբրիցիո Յակոբինիի կողմից, առաջիկա ուրբաթ կտեղափոխվեն Հայաստանի կառավարության նիստերի դահլիճ։ Նոյեմբերի 9-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը։
Նրա խոսքով, որմնանկարների ռեստավրացիոն աշխատանքները վերջնականապես ավարտվել են։ «Մնում են միայն վերջին շտրիխները, որոնք կկատարվեն արդեն կառավարության շենքում՝ հայ 4 մասնագետների կողմից»,- տեղեկացրեց նա՝ միաժամանակ ավելացնելով, որ Կառավարության հետ նախապատրաստական աշխատանքներ են տարվում բաց դռներ հայատարարելու եւ լայն հասարակությանը Մինասի աշխատանքներին հաղորդակից դարձնելու ուղղությամբ։ «Արվելու է հնարավոր ամեն բան, որ մարդկանց առնչությունն այդ արժեքներին հաճախ լինի»,-ասաց նա։
Սոնա Հարությունյանը նշեց նաեւ, որ իտալացի մասնագետը, հնարավոր է, հետագայում զբաղվի Մինասի այլ որմնանկարների վերականգնմամբ եւս։
«Եթե ամեն ինչ ըստ նախատեսվածի ընթանա, շատ շուտով մի ուրախալի նորության մասին կհայտարարենք։ Բայց պետությունը միայնակ չի կարող իր վրա վերցնել որմնանկարների վերականգնման ծախսերը եւ հույս ունենք, որ դրանում մեզ կաջակցի նաեւ մասնավոր հատվածը։ Մտադիր ենք հաջորդ տարի վերականգնել հեղինակի 3 գործեր եւս»,- ավելացրեց Հարությունյանը։
Հարցին, թե ինչո՞ւ որոշվեց «Խաչքարի մոտ» եւ «Հանդիպում» որմնանկարները տեղադրել հատկապես Կառավարության շենքում եւ ոչ թե Մինասի՝ Ջաջուռում գտնվող թանգարանում, Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետը պատասխանեց, որ այնտեղ բոլոր որմնանկարների համար բավարար տեղ չկար։ «Բացի այդ, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում ընդունված է վարչական շենքներում արվեստի գործեր զետեղել։
Պետությունն այսկերպ ցույց է տալիս իր վերաբերմունքը մշակութային արժեքների հանդեպ»,- ամփոփեց Սոնա Հարությունյանը։




























