Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր՝ նոյեմբերի 9-ին առավոտյան այցելել է Առողջապահության նախարարություն՝ տեղում լուծելու փոխնախարարներ Թաթուլ Հակոբյանի եւ Աբրահամ Մանուկյանի ազատման հարցը: Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստի ժամանակ Տիգրան Սարգսյանը կոշտ ելույթ ունեցավ համակարգում առկա թերությունների ու խորացող կոռուպցիայի վերաբերյալ՝ հանձնարարելով Հարություն Քուշկյանին 10-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ ընդհուպ մինչեւ կադրային փոփոխություններ` սկսած աշխատակազմի ղեկավարից, ավարտած նախարարի տեղակալներով:

Սակայն վարչապետն այսօր առվոտյան իր իսկ ձեռամբ իրագործեց իր հանձնարարականը. Նա երկու փոխնախարաներին աշխատանքից հեռացրեց, իսկ աշխատակազմի ղեկավար Գագիկ Սայադյանի հանդեպ որեւէ քայլ դեռ չի արել: NEWS.am-ի թղթակիցը Սայադյանից հետաքրքրվել է, թե վարչապետի այցի ընթացքում ի՞նչ հանձնարարականներ են հնչել, մասնավորապես իր նկատմամբ ի՞նչ որոշում է կայացվել:

«Վարչապետի այսօրվա հանձնարարությունները եւ դիտողությունները վերաբերում էին նախարարության աշխատակազմի աշխատանքային թերություններին, բացթողումներին, մասնավորապես տարվա կտրվածքով նախարարության առջեւ դրված խնդիրների լուծմանը, կառավարության միջոցառումների ծրագրով նախանշված աշխատանքների կատարման որակին, ինչպես նաեւ ներքին փաստաթղթաշրջանառության հետ կապված խնդիրներին»,- պատասխանել է  Սայադյանը՝ հավաստիացնելով, որ սեղմ ժամկետում կաշխատեն շտկել վարչապետի մատնանշած թերություները:

Մեր հարցին,  թե իրեն սպասո՞ւմ է պաշտոնանկություն,  պատասխանեց. «Ոչ, նորմալ աշխատանքային տրամադրություն է, ես շարունակում եմ նորմալ գրաֆիկով աշխատել, կատարում ենք հանձնարարությունները»,-հավաստիացրել է վարչապետի սեւ ցուցակում հայտնված Սայադյանը: