Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներին՝ Սարգիս եւ Արեգ Գեւորգյաններին, Վահագն Գեւորգյանին եւ Սարգիս Ղազարյանին Կենտրոնի ոստիկանատնից տեղափոխել են ոստիկանության քննչական վարչության Կենտրոնի բաժին: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:

Վերջինս նշել է, որ մինչ այդ Կենտրոնի բաժնում հանդիպել է ձերբակալված ակտիվիստներին, նրանց նախ տեղափոխել են դատաբժշկի մոտ, որն արձանագրել է նրանց՝ ոստիկանների կողմից ստացած մարմնական վնասվածքները:

Փաստաբանը չբացառեց, որ ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ կարող են քրեական գործ հարուցել: «Ինչ ուզում անում են, ամեն ինչ հնարավոր է: Եթե բերել են այստեղ, ամենայն հավանականությամբ մեղադրանք կներկայացնեն»,- նշեց փաստաբանը:

Հատկանշական է, որ թեեւ դատաբժիշկն արձանագրել է մարմնական վնասվածքները երիտասարդների մոտ, սակայն ոստիկանության մամուլի ծառայության Արմեն Մալխասյանը կտրականապես հերքեց, որ ՀԱԿ ակտիվիստներին ծեծել են ոստիկանության Կենտրոնի բաժնում: «Ես կապվել եմ բաժնի հետ եւ ինձ հավաստիացրին, որ ոչ մի բռնություն էլ չկա, ոչ մեկի վրա էլ չեն հարձակվել»,- ասաց նա:

Փոխարենը ձերբակալվածներից Սարգիս  Գեւորգյանը, ոստիկանության բաժնից զանգահարել է քրոջը` «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Անի Գեւորգյանին եւ հայտնել, որ ոստիկանության ընդունարանում իրենց ծեծի են ենթարկել ու գցել գետնին եւ անգամ սպառնացել «սատկացնել»:

Հիշեցնեք, որ նոյեմբերի 9-ին, ժամը 10:15-ի սահմաններում Շառլ Ազնավուրի անվան հրապարակում (Մոսկվա կինոթատրոնի մոտ) միջադեպ էր գրանցվել ակցիա իրականացնող Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ։ Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արայիկ Պետրոսյանն սկսել է վիրավորանքներ տեղալ երիտասարդների հասցեին եւ արգելել, որպեսզի երիտասարդները երթով իջնեն դեպի Հանրապետության հրապարակ:

Ոստիկանները դեղին ժապավեններով փակել են տարածքը, երիտասարդների թիկունքում տեղադրել են պատնեշներ եւ պահանջել, որպեսզի ակցիայի մասնակիցներն անցնեն պատնեշից այն կողմ: Երիտասարդները հրաժարվել են կատարել այդ պահանջը, այն համարելով ապօրինի:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի