Հայաստանի Ռամկավար-ազատական կուսակցությունը այսօր նախազգուշացրել է իրենց կուսակցության անունից կեղծ հայտարարություններ անելու մասին:.

ՀՌԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ «հայաստանյան որոշ լրատվամիջոցների հայտարարության տեքստ է ուղարկվել, որում խոսվում է հայ-թուրքական վերջին „զարգացումները“ ողջունելու եւ այդ գործընթացում իշխանությանը աջակցելու մասին, իսկ ավելի նկատելի եւ պատկառազդու երեւալու համար մեծադիր տառերով վկայակոչվում է „ՌԱԿ Միացյալ Նահանգների Արեւելյան շրջանակի եւ Կանադայի վարչություն“ կեղծ անվանումը»:

ՀՌԱԿ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ «աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական կուսակցությունը իր անհամաձայնությունն էր հայտնել հայ-թուրքական արձանագրության առնչությամբ դեռեւս 2009 թ. սեպտեմբերի 1-ին, իսկ կառուցվածքային առումով հայտնում է, որ կուսակցությունը Միացյալ Նահանգներում ունի 3, իսկ Կանադայում` 2 իրարից անջատ շրջանակներ, հետեւաբար` „ՌԱԿ Միացյալ Նահանգների Արեւելյան շրջանի եւ Կանադայի վարչություն“ անվանմամբ կառույց գոյություն չունի:

»Հետեւաբար այդ բառակապակցությամբ որեւէ հայտարարություն պետք է դիտարկել որպես թուրքական հերթական քարոզչության արդյունք եւ չի բացառվում, որ մոտ ապագայում այն ավելի է «թեժանալու»` խառնաշփոթ ստեղծելով մեր լրատվական դաշտում",- նշում են ռամկավարներն ու հավելում. «Տեղեկացնում ենք նաեւ, որ որեւէ անհատ կամ խմբակ առանց ՀՌԱԿ Հանրապետական վարչության համաձայնության իրավունք չունի օգտագործելու ՀՌԱԿ զինանշանը, քանի որ այդ իրավունքը կուսակցությանն է, եւ այն հաստատված է պետական երկու կառույցների կողմից` ՀՀ արդարադատության նախարարության ու ՀՀ կառավարությանն առընթեր մտավոր սեփականության գործակալության»