Քննիչը հանիրավի մեղադրվել է ցուցմունք տալուն հարկադրելու մեջ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի նկատմամբ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, պաշտոնատար անձանց կաշառք տալու մեջ մեղադրվող, ամբաստանյալ  Ռուզաննա Բ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 09.11.2016թ.-ին կայացած դատական նիստի ժամանակ, իսկ այնուհետեւ Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում էր տվել այն մասին, որ իրեն տեւական ժամանակ ապօրինի պահել են ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում եւ հոգեբանական ճնշման ու սպառնալիքների գործադրմամբ հարկադրել կեղծ հաղորդում տալ, որ 200.000 ՀՀ դրամի կաշառք է տվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցներին: Միաժամանակ, Ռուզաննա Բ.-ն Հատուկ քննչական ծառայությանը հայտնել էր, որ 04.02.2016թ.-ին ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարցաքննության ժամանակ քննիչ Գուրգեն Մ.-ի ուղղորդմամբ եւ թելադրանքով գրել է ոստիկանությունում տված հաղորդմանը նույնաբովանակ ցուցմունք:

Դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 309-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ոստիկանության հիշյալ վարչության աշխատակիցների կողմից Ռուզաննա Բ.-ին ապօրինի պահելու եւ իրականությանը չհամապատասխանող հաղորդում տալուն հարկադրելու վերաբերյալ բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել, ուստի այդ մասով գործի վարույթը կարճվել է` հանցակազմի բացակայության հիմքով:

Ինչ վերաբերում է քննիչ Գուրգեն Մ.-ի կողմից ցուցմունք տալուն հարկադրելուն, ապա Ռուզաննա Բ.-ի տված ցուցմունքների զննությամբ պարզվել է, որ վերջինս քննիչի մոտ կաշառք տալու վերաբերյալ ոստիկանությունում տված հաղորդմանը նույնաբովանդակ ցուցմունք չի տվել, ավելին, հերքել է ՍԱՊԾ աշխատակիցներին կաշառք տալու հանգամանքը:

Այսինքն` Գուրգեն Մ.-ն Ռուզաննա Բ.-ին չի ուղղորդել, չի թելադրել եւ չի հարկադրել գրել կաշառք տալու վերաբերյալ տրված հաղորդմանը նույնաբովանդակ ցուցմունք, ուստի որոշում է կայացվել քննիչի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` նրա արարքում հանցադեպի բացակայության հիմքով:

Այսպիսով, Ռուզաննա Բ.-ն հանցագործության մասին գիտակցաբար կեղծ տեղեկություններ է տրամադրել նախաքննությունն իրականացնող մարմնին եւ կատարել սուտ մատնություն, որի համար Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:  

Կատարվում է նախաքննություն: