Հայ Ազգային Կոնգրեսի՝ հուլիսի 2-ին կայացած հանրահավաքի բազմահազար մասնակիցներն անասելի ոգեւորությամբ ու տեւական ծափահարություններով դիմավորեցին գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին: «Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիներ»,- դիմեց ժողովրդին Գ. Ջհանգիրյանը, եւ վանկարկումներն ավելի թեժացան. 2008թ. փետրվարի 22-ի իր ելույթն էլ Գագիկ Ջհանգիրյանը սկսել էր նույն բառերով: «Մենք ազատության մեջ ենք հայտնվել ոչ թե ժողովրդի քվեն ու իշխանությունը բռնազավթած վարչախմբի մեծահոգության կամ մարդասիրության, այլ Ձեր, Համաժողովրդական շարժման աննախադեպ ճնշումների ու միջազգային կառույցների գործադրած ջանքերի արդյունքում»,- արձանագրեց Գագիկ Ջհանգիրյանն՝ իր շնորհակալությունը հայտնելով մարդկանց, որ արդեն տարի ու կես չդադարեցրին պայքարը:
Նախկին քաղբանտարկյալը ցավով նշեց, որ իր ընկերներից շատերը դեռ ճաղավանդակների հետեւում են, ու ազատության մեջ հայտնվածների թիվ մեկ խնդիրը նրանց շուտափույթ ազատագրումն է. «Խոստանում ենք, որ չենք ունենա քուն ու դադար, քանի դեռ Հայաստանում կլինի թեկուզ մեկ քաղբանտարկյալ»: Գագիկ Ջհանգիրյանն արձանագրեց, որ ընդդիմությունն ունի հաղթանակի հասնելու բոլոր նախադրյալները. «Այլեւս անկասելի ու ձեւավորված համաժողովրդական շարժում, այն ղեկավարող քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների կուռ դաշինք, համաժողովրդական շարժումն ու Հայ Ազգային Կոնգրեսը առաջնորդող Լեւոն Տեր-Պետրոսյան պետական ու քաղաքական գործիչ, որի փորձառությանն ու քաղաքական հեռատեսությանը, քաղաքացիական վճռականությանն ու կամքին անվերապահորեն վստահում ու հավատում ենք»: Անդրադառնալով քաղաքական դատավարություններին՝ Ջհանգիրյանը մի քանի բացահայտումներ արեց.
1. Գլխովին տապալվեց մարտի 1-2-ի իշխանությունների ծրագրած ու հրահրած ծեծի ու ջարդի, գույքի թալանի ու հրկիզումների, խաղաղ ցուցարարների գնդակահարությունների, իշխանության բռնի զավթման ու այլեւայլ դրսեւորումների ընդիմության վրա բարդելու վարչախմբի ծրագիրը:
2. Ակնհայտ դարձավ, որ վարչախմբի կողմից յուրացված ու բռնազավթած է ոչ միայն գործադիր ու օրենսդիր, այլեւ դատական իշխանությունն ու ողջ իրավապահ համակարգը: Որ այդ համակարգի աշխատակիցների մեծամասնությունը վարչախմբի պատանդներն են, եւ որ նրանք խղճահարությունից զատ այլ վերաբերմունքի ուղղակի արժանի չեն:
3. Հրապարակավ հիմնավորվեց ու ապացուցվեց մեզ ներկայացված մեղադրանքների կեղծ ու շինծու լինելը, դրանց քաղաքական բնույթն ու որոշիչը, հեղինակների իրավական անգրագիտությունն ու տհասությունը:
4. Որ մարդիկ վարչական, քրեական հետապնդումների, պատասխանատվության ու պատժի ենթարկվում են, ոչ թե իրենց կատարած արարքների «գործողության ու անգործության», այլ քաղաքական համոզմունքների ու հայացքների համար:
5. Որ անձանց ազատությունից զրկելու, դատելու ու դատապարտելու համար ոչ մի ապացույց էլ հարկավոր չէ: Լիովին բավարար է վարչախմբի պարագլուխների քաղաքական որոշումը իսկ մնացածը վախեցած ու կամազրկված դատախազ-դատավորների ձեռքի գործն է":
Նախկին քաղբանտարկյալը նաեւ նշեց, որ քաղբանտարկյալներն ի սկզբանե դեմ են եղել ներմանն ու համաներմանը: «Ոչ այն պատճառով, որ մեկուսարաններում ու քրեակատարողական հիմնարկներում պատանդված լինելը մեզ դուրեկան ու հաճելի է եղել: Մենք սկզբունքորեն չենք ընդունել այդ իստիտուտների կիրառումը քաղբանտարկյալներիս նկատմամբ, բացառապես մեկ հիմնավորմամբ. Ներումն ու համաներումը կիրառվում են հանցանքներ գործած անձանց նկատմամբ իսկ մեզ, անկախ կոնկրետ մեղադրանքներից, դատել ու դատապարտել են մեր քաղաքական հայացքների ու համոզմունքների համար, ինչը այժմ արդեն նաեւ միջազգային հանրության ու կառույցների կողմից ընդունված հանրաճանաչ փաստ ու իրողություն է»: Ուստի, ըստ Ջհանգիրյանի՝ ոչ ինքը, ոչ իր քաղբանտարկյալ ընկերներից որեւէ մեկը չի հաշտվելու իրենց ապօրինի ազատությունից զրկելու, այլեւ ապօրինի ազատություն վերադարձնելու վարչախմբի որոշումների հետ եւ դրանք բողոքարկելու են բոլոր ատյաններում: Ջհանգիրյանը նաեւ նշեց, որ Համաժողովրդական շարժումը վարել ու վարում է քաղաքակիրթ, հրապարակային, սահմանադրական ու օրինական պայքար, մինչդեռ այդ ընթացքում շարժման անդամներն ու համակիրները ենթարկվել են աննախադեպ բռնաճնշումների ու հալածանքների: «Մեզանից ոմանք անձնական անդառնալի կորուստներ ունեցան: Բայց մենք չընկրկեցինք, չթեքվեցինք ու չկոտրվեցինք, չհրաժարվեցինք մեր համոզմունքներից ու գաղափարներից: Վարչախմբի հետ չգնացինք որեւէ քողարկված կամ բացահայտ գործարքի, քանզի մեր թիկունքին մշտապես զգացել ենք Համաժողովրդական շարժման շունչը, մեր սրտերում կրել հաղթանակի անկոտրում կամքն ու ոգին: Մենք մեր ընտրած ճանապարհից խոտորվողը, շեղվողը չենք: Մեզ բանտարկելով ու հալածանքներով չեն վախեցնի, մեզ հետ ուժի լեզվով խոսելն անիմաստ ու անօգուտ է, սեփական ժողովրդին հաղթելն անհնար»,- բարձրաձայնեց Ջհանգիրյանը՝ արժանանալով հանրահավաքի մասնակիցների բուռն ծափահարություններին:



















