Ուշ թե շուտ Թուրքիան կվերսկսի եվրաինտեգրման գործընթացը եւ կդառնա Եվրոպական Միության անդամ: Այդ մասին ասել Թուրքիայի պետնախարար, Թուրքիա- ԵՄ բանակցություններում պատվիրակության ղեկավար Էգեմեն Բաղըշը Euronews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Եթե երկկողմ հարաբերություններին նայեք երկարաժամկետ հեռանկարային տեսանկյունից, ապա կտեսնեք հետեւյալ սցենարը. մի կողմից եվրոպական ընտանիքը` ժամանակակից աշխարհում ամենակարեւոր հումանիտար եւ խաղաղարար նախագծերից մեկը, մյուս կողմից Թուրքիան` կարեւորագույն խաղաղարար ուժը տարածաշրջանում: Այսպիսով, նրանց միությունը կենսական նշանակություն ունի գլոբալ հավասարակշռության ապահովման համար: Այդ միությունից շահած կլինեն բոլորը: Չեմ կասկածում, որ ուշ թե շուտ իմ երկիրը կդառան ԵՄ անդամ», - ասել է Բաղըշը:
Նրա կարծիքով, Թուրքիայի հետ կապված գործընթացների կեսից ավելին սառեցված են քաղաքական պատճառներով:
«Հոդվածները սառեցված են զուտ քաղաքական պատճառներով: Դա իշխանություն ունեցողների սահմանափակ հայացքներ ունենալու կամ որոշ իրադարձություններ սխալ մեկնաբանելու արդյունք է», - նշել է նա:
Ինչ վերաբերում է Կիպրոսին, ապա պետնախարարի խոսքով, 2003 հունվարին Դավոսում ՄԱԿ-ի համաժողովում Թուրքիայի վարչապետը հավաստիացրել է այն ժամանակվա գլխավոր քարտուղար Քոֆի Անանին, որ Թուրքիան եւ Հյուսիսային Կիպրոսի հանրապետությունը քայլեր են անում հունական Կիպրոսի եւ Հունաստանի հետ խնդիրները կարգավորելու ուղղությամբ:
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Եվրահանձնաժողովի զեկույցը, Բաղըշը նշել է, որ այդ զեկույցն առաջինը չէ Թուրքիայի համար, այլ` 13-րդը եւ որ Եվրահանձնաժողովը այդպիսի զեկույցներ է պատրաստում 1998 թվականից:
Բրյուսելում նոյեմբերի 9-ին հրապարակվել էր Եվրահանձնաժողովի տարեկան զեկույցը ԵՄ ընդլայնման գործընթացի վերաբերյալ: Անդամակցության ցուցակում ընդգրկվել էր Չերնոգորիան, իսկ Թուրքիայի հետ կապված իրավիճակն այդքան էլ պարզ չէ, հաղորդում է Euronews-ը:




























