Կոնգրեսում իր առաջին ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձել է «նորմալ լինել»՝ օգտագործելով հեռուստահուշարար եւ ավանդական նախագահական հնչերանգ, գրում է Politico պարբերականը

Ինչպես նշում է պարբերականը՝ Թրամփը, հնարավոր է, ներկայացրել է  «ամենաավանդական ելույթը իր ողջ քաղաքական կարիերայի ընթացքում։ Ինչպես շատ նախագահներ՝  նա հենվել է պատմության եւ անձնական նախընտրությունների վրա՝ թվարկելով մանրամասն նախադասություններ քաղաքականության վերաբերյալ, որոնք երբեմն ընդհատվել են ամերիկյան բացառիկության գովաբանությամբ»։

 «Նա մեծարել է Գերագույն դատարանի հանգուցյալ դատավոր Անտոնին Սկալիայի այրուն, հարգանքի տուրք մատուցել Ավրաամ Լինքոլնի հիշատակին։ Նա խոսել է «մեր հոգիներում տեղ գտած հույսի մասին»», — գրում է պարբերականը։

Նշվում է, որ նախագահի խոսքերն ավելի շատ խաղաղարարական, քան պատերազմական բնույթ ունեին, իսկ որոշները Թրամփը հնչեցրել է առաջին անգամ իր ամբողջ քաղաքական կարիերայի ընթացքում՝ համագործակցություն, անկեղծ սեր, ընդհանուր բարիք։