Վերջին շրջանում Ռուսաստանը Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության մեջ իր դիրքերն ամրապնդել է որպես արբիտր եւ կարող է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն օգտագործել երկու երկրներում իր ռազմավարական շահերն առաջ մղելու համար: Այս մասին նշված է ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի զեկույցում:
Փորձագետները նշում են Ադրբեջանի շահագրգռվածությունը «Ղարաբաղում ստատուս քվոն սասանելու հարցում» եւ Ռուսաստանի հետ սերտ համագործակցելուն պատրաստ լինելը, որպեսզի հակամարտությունը տեղավորեն բանակցությունների վերականգնման հունի մեջ, «քանի որ միայն այդ դեպքում կկարողանան տարածքը վերադարձնել»: Փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանը կարող է խաղալ միայն սրա վրա, որպեսզի Ադրբեջանի վրա իր ազդեցությունը մեծացնի: «Հայաստանը դեռեւս չի կարող իրեն թույլ տալ ընդարձակ քայլերի ինքնուրույն կատարում, առավել եւս, որ Ռուսաստանն է վերահսկում ռազմավարական սպառազինության համակարգերի մեծ մասը: Այն դեպքում, երբ դիմակայությունը պահպանվում է, կողմերից ոչ մեկը մեծ քայլ կատարել չի համարձակվի՝ առաջին հերթին Ռուսաստանի հետ փոխըմբռնման չհասնելով»,- կարծում են փորձագետները:
Զեկույցի հեղինակները Հայաստանին Ռուսաստանի կախյալ դաշնակից են համարում՝ ընդգծելով, որ վերջին ամիսներին երկու երկրների հարաբերությունները ստուգում են անցել, քանի որ Մոսկվան փոքր-ինչ մակերեսորեն է վերաբերվում Բաքվի հետ հակամարտության մեջ Երեւանին աջակցելուն: Ռուսաստանը չեզոք դիրքորոշում արտահայտեց անցյալ տարվա ապրիլյան լարվածությունից հետո՝ Հայաստանին հիասթափություն պատճառելով անվտանգության եւ քաղաքական աջակցության բացակայության պատճառով: «Այդուհանդերձ, այլընտրանքային գործընկերների բացակայությունը Հայաստանին ոչ մի այլ ընտրություն չի թողել, բացի Ռուսաստանի հետ իր ռազմավարական համագործակցության պահպանումը, չնայած այն հագամանքին, որ անվտանգության ոլորտում Մոսկվայի եւ Բաքվի համագործակցությունը վերջին ամիսներին միայն ամրապնդվում է»,- նշված է զեկույցում:



























