Հարստացված ուրանի մաքսանենգության համար Վրաստանում ձերբակալված երկու հայերը բազմաթիվ անգամ Թուրքիա են այցելել, քանի որ խոսակցություններ կան, թե ուրանի սեւ բորսան Թուրքիայում է։ Այս մասին, թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Վրաստանի միջուկային զենքի տարածման դեմ պայքարի բաժնի պետ Արշիլ Պավենիշվիլին։
Թուրքական Sabah-ը եւս վկայակոչելով Պավենիշվիլիին՝ նշել է, թե հայ մաքսանենգները ցանկացել են ուրանը տեղափոխել Թուրքիա՝ վաճառելու նպատակով։
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Հայաստանի երկու քաղաքացիներ փորձել են մարտ ամսին վաճառել բարձր հարստացված ուրանը մարդկանց, որոնց ահաբեկիչներ են համարել: Հանցագործության փաստը հայտնի է դարձել միայն նոյեմբերի 8-ին:
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ապրիլին հայտարարել էր, թե վրացական հատուկ ծառայությունները բացահայտել են եւ խափանել գերհարստացված ուրանը իսլամական ծայրահեղական խմբավորմանը վաճառելու դավադրությունը: Պարզվել է, որ Հայաստանի երկու քաղաքացիներ՝ գործարար Սմբատ Տոնոյանն ու ֆիզիկոս Հրանտ Օհանյանը մեղսակից են մաքսանենգությանը: Երկուսն էլ իրենց մեղավոր են ճանաչել:Ննրանք մաքսանենգ ճանապարհով 18 գրամ բարձր հարստացված ուրան են տեղափոխել Երեւանից Թբիլիսի` սիգարետի տուփի մեջ: Մաքսանենգները մտածել են, որ գործ ունեն իսլամական ծայրահեղականների հետ, սակայն դրանք իրականում եղել են վրացական հատուկ ծառայությունների աշխատակիցներ: Առգրավված ուրանը հարստացված է եղել մինչեւ 89,4 տոկոս եւ, հետեւաբար, կարող էր օգտագործվել ատոմային մարտագլխիկի մեջ։





























