ՊԵԿ նախագահի հրամանով՝ հաստատվել են ապրանքներ տեղափոխող անձանց ռիսկերի չափանիշների ցանկը եւ ռիսկի գնահատման կանոնները, որոնք մշակվել են միջազգային փորձի հիման վրա: Այս մասին տեղեկացրել է ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության պետ Սիմոն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ներմուծման ժամանակ, ապրանքների ձեւակերպման եւ հայտարարագրման փուլում, խախտումներն ու անհամապատասխանությունները բացահայտելու նպատակով հսկողություն է իրականացվում նաեւ ապրանքների բացթողումից հետո:

Ըստ Սիմոն Սարգսյանի՝ մաքսային ստուգումներն առավել հասցեական իրականացնելու նպատակով հետբացթողումային հսկողության վարչությունում ուսումնասիրում են «TWM» եւ «Հարկատու-3» համակարգերի տեղեկությունները: Օգտագործվում են նաեւ ժամանակակից տեխնիկական միջոցներ, անհրաժեշտության դեպքում ճշտումներ են կատարում այլ իրավասու մարմիններից, այդ թվում՝ արտահանման երկրի մաքսային ծառայություններից:

2016 թվականին 26 մաքսային ստուգում է իրականացվել, 13 դեպքով բացահայտվել է նվազեցված մաքսային արժեք, 9-ով՝ արտոնության սխալ կիրառում, 2-ական դեպքով՝ սխալ հայտարարագրված ԱՏԳ ԱԱ ծածկագիր եւ պայմանական բաց թողնված ապրանքի սխալ վերարտահանում:

«2016 թվականին ուշադրություն է դարձվել նաեւ արտոնություններով իրականացված մաքսային ձեւակերպումների օրինականությանը: Ստուգմամբ պարզվել է, որ մի շարք դեպքերում ընկերություններն ապրանքներն օգտագործել են այլ նպատակով: Արդյունքում լրացուցիչ հաշվարկվել են պակաս վճարված մաքսային վճարները»,- նշել է Սիմոն Սարգսյանը: