Երկրի տնտեսության համար տարվա առաջին ամիսը կանխորոշիչ չէ: Սակայն Հայաստանի արդյունաբերության համար մեկնարկը բավական հաջող էր. արտադրության ֆիզիկական ծավալը տարեկան հաշվարկով աճել է 12,2%-ով: Հիշեցնենք, որ անցած տարվա հունվարին նույնպես աճի ցուցանիշը երկնիշ էր (15,7%),  այնպես որ  համեմատելու հիմքերը փոքր չեն:

Սակայն արդյունաբերությունում որոշակի տեղաշարժեր են եղել:  Անցած տարվա հունվարին ընդհանուր աճին նպաստել էր մետաղական հանքարդյունահանումը (ֆիզիկական արտադրանքի աճը  կազմել էր 1,8 անգամ): Իսկ այս տարվա հունվարին այս ոլորտում 3,1% անկում է արձանագրվել: Արդյունքում  արտադրության ֆիզիկական ընդհանուր ծավալի աճի ցուցանիշը հարաբերականորեն դանդաղել  է 0,6%-ով:

Դատելով պաշտոնական տվյալներից՝ վերամշակող արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 19,4% աճ: Եթե, իհարկե, տվյալը սխալ չէ:  Ըստ ամենայնի,  մի շարք՝ սննդամթերքի, խմիչքների, ինչպես նաեւ հիմնական մետաղների ոլորտներում արձանագրված դրական միտումն  իր ազդեցությունն է թողել:

Ինչպես հայտնի է,  նախկինում ծխախոտային արտադրանքի արտադրությունն աչքի էր ընկնում կայուն աճով:  Անցած տարվա տվյալններով, «Գրանդ Տոբակոն» անգամ պատվավոր երկրոդ տեղն էր զբաղեցրել Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում: Բայց այս , հունվարին արտադրանքի ֆիզիակական ծավալը կրճատվել է 1/10-ով  (10,3%-ով),  ինչը պայմանավորված է  ատաքին շուկա արտադրանքի արտահանման ծավալների նվազումով: Հիմնական գնորոդները երրորդ երկրներն են, ԱՊՀ երկրների մասնաբաժինն այստեղ չի հասնում անգամ մեկ տոկոսի: Հենց երրորդ երկրների «գծով» էլ  արտահանումը նվազել է  զգալիորեն՝ 22,3%-ով:

Հակառակ ծխախոտային արտադրանքի՝ խմիչքների արտադրությունը զգալի աճել է՝ 1,7 անգամ, ինչը պայմանավորված է ալկոհոլի արտահանման ընդլայնմամբ: Հունվարին ԱՊՀ երկրներ (հիմնականում՝ Ռուսաստան)  արտահանումն աճել է 4,6 անգամ:

 

Սմբատ Գրիգորյան