Վանաձորի Ուսանողական 90 հասցեի երրորդ հարկի բնակչուհի Ազնիվ Շահվերդյանը մի քանի օր է՝ երեք երեխաներին ուղարկել է հարազատների տուն: Պատճառը իրարից հեռացած առաստաղի սալերն են, որոնց արանքներից քարերն ու ձնհալից առաջացած ջուրն օրեր շարունակ անարգել թափվում է սենյակ:

«Մեկ շաբաթից ավել է, անձրաջրերն անընդհատ թափվում են, հատկապես ցերեկային ժամերին ստիպված ենք լինում անընդհատ փոխել թասերը: Բայց դա դեռ ոչինչ:Մի քանի օր առաջ էլ նկատեցի, որ առաստաղի պանելներն իրարից հեռացել են ու կախվել: Շատ վախեցանք: Երեք երեխա ունեմ, բա որ ընկնի՞»,- ասում է  Ազնիվը:

Թեեւ այժմ երեխաները ժամանակավորապես գտնվում են անվտանգ վայրում, սակայն մայրը դժգոհում  է՝ ինչքա՞ն կարող է ուրիշների տանը պահել նրանց:

«Չգիտենք՝ կլուսացնե՞նք, թե՞ կմնանք տակը:Ես ոչինչ, ինչ ուզում ա լինի, բա երեխեքս», - ասում է տիկին Ազնիվը:

Բնակիչների խոսքով՝ կաթոցի տակ են հանրակացարանի երրորդ հարկի մոտ 10 սենյակներ, որոնցում ապրում են ոչ միայն  մեծահասակներ, այլեւ երեխաներ: