Մալայզիայի իշխանությունները, անվտանգության նկատառումներից ելնելով, չեղարկել են Հյուսիսային Կորեայի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը: Այս մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ Ահմադ Զահիդ Համիդին:

Ըստ BBC-ի՝ այս միջոցը ներդրվել է երկրում հետաքննվող Կիմ Չեն Նամի աղմկահարույց սպանության ֆոնին:

Նախօրեին Մալայզիայում մեղադրանք են առաջադրել Կիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածվող երկու կանանց, որոնց ավելի վաղ ձերբակալել էին:

Մեղավոր ճանաչվելու դեպքում Ինդոնեզիայի 25-ամյա քաղաքացի Սիթի Այշեին եւ Վիետնամի 28-ամյա քաղաքացի Դոան Թհի Հուոնին մահապատիժ է սպառնում: Երկուսն էլ, սակայն, հերքում են իրենց առաջադրված մեղադրանքը:

Հայտնի է դարձել նաեւ, որ Մալայզիայի իշխանությունները որոշել են ազատ արձակել եւ արտաքսել Հյուսիսային Կորեայի 45-ամյա քաղաքացի Ռի Չեն Չոլին, որին նույնպես սպանության գործով են ձերբակալել:

Կիմ Չեն Նամը սպանվել է փետրվարի 13-ին, Կուալա Լումպուրի օդանավակայանում: Լրատվամիջոցների տրամադրության տակ հայտնված տեսանյութում երեւում է, թե ինչպես են երկու կանայք մոտենում տղամարդուն ու հարձակվում նրա վրա, այնուհետեւ փախուստի դիմում: