Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներն այսուհետ կտրամադրեն նաեւ Միգրացիոն պետական ծառայության կողմից մատուցվող՝ փախստականի կարգավիճակ ունենալու եւ Ադրբեջանից բռնագաղթած փախստական հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքներ:
ՀՀ կառավարության այսօրվա՝ մարտի 2-ի նիստին, ներկայացնելով ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին նախագիծը, այս մասին հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նախարարի խոսքով՝ առ այսօր այդ երկու տեղեկանքները տրամադրում էր միայն Երեւանում գործող Միգրացիայի պետական ծառայությունը: «Երեք ամիս առաջ մեկնարկած այս ծրագրի արդյունքում ՀՀ ողջ տարածքում այսօրվա դրությամբ գործում է 39 միասնական գրասենյակ»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ դրանցից 14-ը գործում է Երեւանում, մյուսները՝ Գառնիում, Գյումրիում, Վաղարշապատում, Հաղարծինում, Իջեւանում, Բյուրականում, Կարբիում, Արմաշում, Մեծամորում, Զվարթնոցում, Սարուխանում, Ծովագյուղում, Մաստարայում, Վանաձորում, Նոյեմբերյանում, Գավառում, Բերդում, Ալավերդիում, Ստեփանավանում, Եղեգնաձորում, Վայքում, Գորիսում, Կապանում եւ Մեղրիում:
Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ այս 39 գրասենյակները մատուցում են 67 պետական ծառայություններ: «Իսկ, ընդհանուր առմամբ, Հայաստանում տարբեր պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների թիվը գերազանցում է 200-ը: 100-ից ավելի ծառայություններ պահանջում են կամ անձի պարտադիր ներկայություն կամ օբյեկտի առկայություն, օրինակ ՝ ավտոմեքենայի եւ այլն, մնացած շուրջ 110 ծառայությունները պատրաստ ենք մատուցել միասնական գրասենյակների միջոցով»,- ասաց նախարարը եւ կոչ արեց քաղաքացիներին օգտվել իրենց տարածքում գործող մասնավոր օպերատորների միասնական գրասենյակներից՝ խնայելով թե՛ ժամանակ, թե՛ ֆինանսական ռեսուրսներ:
Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակի հասցեների եւ մատուցվող ծառայությունների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ ՝ http://moj.am/services/service_offices:




























