Հայաստանը պետք է միջազգային տարբեր ատյաններում բարձացնի ադրբեջանական գերության մեջ սպանված հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի հարցը: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

«Մենք պետք է ամեն կերպ բարձրացնենք այդ հարցը, հայտարարենք, որ Ադրբեջանը խախտել է Ժնեւի կոնվենցիան՝ իր տարածքում գերու սպանելով»,- ասել է նա: Ալավերդյանի խոսքով, Հայաստանը պետք է հասնի Սարիբեկյանին սպանողներին քրեական պատասխանության ենթարկելուն, նաեւ` բարոյական փոխհատուցման: Ընդ որում, նա նշել է, թե հայաստանյան քաղաքական ուժերի՝ ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին, Եվրամիությանն ու Եվրոպայի Խորհրդին հղած նամակ-կոչը՝ համարժեք գնահատական տալ Ադրբեջանի վայրագ գործողություններին եւ հետեւողական լինել այդ պետության պատասխանատվության ենթարկելու հարցում, այդպես էլ մնացել է անարձագանք:

«Կարծում եմ՝ որ մեր նամակը պատասխան չի ստացել ոչ թե այդ կառույցների բյուրոկրատիայի, այլ նաեւ այն պատճառով, որ նամակի նման ձեւաչափն անսովոր էր նրանց համար»,- նկատել է Ալավերդյանը:

Նա նաեւ  հայտնել է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տվյալներով, ներկայումս ադրբեջանական գերության մեջ են գտնվում 10 հայեր, որոնցից 5-ը` մի ընտանիքի անդամներ են:

«Իհարկե, կան գերիներ, որոնց ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ: գերիներից մեկի մասին Ադրբեջանն ասում է, որ նրան հանձնել է երրորդ երկրի, բայց Կարմիր Խաչին այդ մասին ոչինչ հայտնի չէ: Կա նաեւ մեկ այլ դեպք, երբ Ադրբեջանն ասում է, որ գերության մեջ կա մի հայ զինվոր, որին արդեն երկար տարիներ խոստանում են վերադարձնել փրկագնի դիմաց, բայց նրան էլ Կարմիր Խաչը չի տեղել: Եղել է դեպք, երբ հայկական կողմի 4 տարի տեւող անասելի ջանքերի շնորհիվ գերությունից հայ զինվոր է ազատվել, լինելով արդեն հոգեկան հիվանդ»,- հայտարարել է Ալավերդյանը: