Դերասան Երվանդ Մանարյանն անհանգստացած է Կապանում ուրանի պաշարների որոնման աշխատանքներով: Նոյեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ինքը`դերասանը: Մանարյանը երկար տարիներ ապրել է Գորիսում եւ զբաղվել թատրոնի վերակազմակերպմամբ ու մարզում կատարվող բնապահպանական իրադարձությունները հուզում են վերջինիս:
«Ես իմ կյանքի լավագույն տարիները տվել եմ Սյունիքի մարզին, ուստի այդտեղ ամեն ինչ հարազատ է ու ամեն բարդություն ինձ համար շատ ցավալի»,-ասաց Մանարյանը` նշելով, որ նոյեմբերի 11-ին նա կմեկնի Կապան` մասնակցելու ուրանի որոնման աշխատանքների դեմ կազմակերպված հանրահավաքին:
Մանարյանը նաեւ ասաց, որ այսօրվա իշխանություններն ընդերքը պետք է խելամիտ կառավարեն եւ «տակն ու վրա չանեն գրպանները լցնելու համար»:
«Մենք այսօր պարզապես կողոպտում ենք, ուրիշ ոչ մի բան չենք անում»,-նշեց նա:
Հանդիպմանը ներկա կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը եւս դեմ է ուրանի հանքավայրի որոնման աշխատանքներին:
«Մենք թույլ չենք տալու, որ նման բան կատարվի մեր երկրում: Մենք չենք ուզում, որ այս երկրի խորհրդանիշը տուն վերադարձող կռունկի փոխարեն դառնա կուկուն, որը ամեն եղած ու չեղած բների մեջ թողնում է իր ձվերը»,-ասաց Խզմալյանը` հավելելով, որ ուրանի հանքավայրերի հայտնաբերման եւ շահագործման դեպքում Կապանը անմարդաբնակ կդառնա:
Ի դեպ, նա եւս պատրաստակամություն հայտնեց մասնակցել հանրահավաքին:




























