Լեհ եվրապատգամավոր Յանուշ Կորվին-Միկեն Եվրախորհրդարանում իր ելույթում կանանց վիրավորել է, հայտնում է The Independent-ը:
«Իհարկե, կանայք պետք է տղամարդկանցից ավելի քիչ վաստակեն, քանի որ նրանք ավելի թույլ են, ավելի փոքրաթիվ եւ ավելի պակաս խելացի»,- հայտարարել է 74-ամյա քաղաքական գործիչը:
Կորվին-Միկեն իր դիրքորոշումը պատճառաբանելու համար հայտնել է, որ լավագույն շախմատիստների թոփ տասնյակում ոչ մի կին չկա:
Լեհ քաղաքական գործչի խոսքը նրա գործընկերներից շատերին է վրդովել: Այսպես՝ իսպանացի եվրապատգամավոր Իրատե Գարսիա Պերեսը հայտարարել է. «Եթե ձեր կամքով լիներ, ապա ես ընդհանրապես եվրախորհրդարանի անդամ լինելու իրավունք չպետք է ունենայի: Համոզված եմ, որ դուք շատ հիասթափված եք այն փաստից, որ մենք՝ կանայք, կարող ենք քաղաքացիներին նույն իրավունքներով ներկայացնել, ինչ դուք»:
Նրա խոսքով՝ ինքը «եվրոպուհիներին պետք է պաշտպանի այնպիսի տղամարդկանցից», ինչպիսին Կորվին-Միկեն է:



























