Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն այսօր՝ նոյեմբերի 10-ին Հայաստանի գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀԱԿ-ի Իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն խաչատրյանը:

Խոսքը նախօրեին տեղի ունեցածի մասին է, երբ Մոսկվա կինոթատրոնի մոտ միջադեպ էր եղել ոստիկանության եւ ՀԱԿ ակտիվիստների միջեւ, ինչից հետո 4 ակտիվիստների՝ Արեգ եւ Սարգիս Գեւորգյան եղբայրներին, Վահագն Գեւորգյանին եւ Սարգիս Խաչատրյանին բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին եւ ծեծի ենթարկել:

Արմեն Խաչատրյանը նշեց, որ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդման մեջ նշված է, թե «ոստիկանները խոչընդոտել են ոչ զանգվածային օրինական միջոցառումը, դուրս են եկել իրենց լիազորություններից, կիրառել են ոչ օրինաչափ ուժ, խոչընդոտել են երիտասարդների փաստաբան ունենալու իրավունքը, ծեծի են ենթարկել ոստիկանական բաժանմունքում»:

Հիշեցնենք, որ ՀԱԿ ակտիվիստները նոյեմբերի 9-ին ոստիկանների կողմից բռնության էին ենթարկվել: Նրանք Շառլ Ազնավուրի հրապարակում ակցիա էին իրականացնում: Ինչպես ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էր Սարգիս Գեւորգյանի քույրը՝ Անի Գեւորգյանը,  ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկված ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ ընդունարանում բռնություն էր կիրառվել ոստիկնների կողմից: Նրանք, ըստ Անի Գեւորգյանի, երիտասարդներին գցել էին գետնին ու հարվածներ տեղացել նրանց մարմնի տարբեր հատվածներին ու սպառնացել «սատկացնել»: Ժամեր շարունակ ոստիկանությունում պահված երիտասարդները երեկոյան ազատ էին արձակվել Ոստիկանության քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնից:

Նրանց ոստիկանությունում զգուշացրել են, որ իրենց դեմ հարուցվել է քրեական գործ ՔՕ 316 հոդվածի հատկանիշներով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում: Նրանց նաեւ ասվել է, որ ծանուցագիրը ստանալուն պես անմիջապես ներկայանան:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի