Մասիսի  հիվանդանոցում այս տարվա հոկտեմբերի 1-ին մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի գործով նախաքննությունը շարունակվում է: Այս մասին NEWS.am-ի  թղթակցին հայտնեց Հայաստանի զինվորական դատախազության Եղեգնաձորի  կայազորի դատախազի տեղակալ Անուշավան Հարությունյանը (նա է իրականացնում գործով դատավարական ղեկավարումը): Հարությունյանը նշեց, որ գործի նախաքննության վրա լույս կսփռի Զարուհի Պետրոսյանի դիակի դատաբժշկական եզրակացությունը, որը դեռեւս չի ստացվել:

Նկատնենք, որ Զարուհի Պետրոսյանին ծեծելով ու խոշտանգելով սպանել են նրա ամուսինն ու սկեսուրը, որի մասին պնդում են Զարուհու հարազատները: Նրա ամուսինը`  Յանիս Սարկիսովն այժմ կալանավորված է, իսկ սկեսուրի դեմ գործ հարուցված չէ: Ավելին, Զարուհու 2 տարեկան երեխան գտնվում է նրա ձեռքին: Յանիս Սարկիսովին առաջնային մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով՝առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը, որը անզգուշությամբ առաջացրել է մահ:  Հոդվածը նախատեսում է 6-10 տարի պատիժ:

Հարցին, թե, արդյոք, Սարկիսովի արարքն ու նրան առաջադրված մեղադրանքը համարժե՞ք են, Հարությունյանը պատասխանեց, թե հոդվածի որակման համար մեծ նշանակություն ունի դիակի դատաբժշկական փորձաքննությունը: «Առաջադրված մեղադրանքի հիմնավորված լինելու 80 տոկոսը կախված է դատաբժշկական փորձաքննության արդյունքից, որը դեռեւս չենք ստացել: Կարեւորն այս դեպքում շարժառիթն է՝ տուժողին կյանքից զրկելու դիտավորությունը պարզելը: Չի բացառվում, որ մեղադրյալը չի գիտակցել, որ իր գործողությունները կարող են մահ պատճառել»,-նկատեց Հարությունյանը: Յանիս Սարկիսովը, ով պայմանագրային զինծառայող է,  հրաժարվել է ցուցմունք տալ եւ իրեն մեղավոր չի ճանաչել:

Ինչպես նշեց Հարությունյանը, Զարուհի Պետրոսյանը մահվանից առաջ գրություն է թողել, որում նշում է, որ իր մահվան հարցում որեւէ մեկին չմեղադրեն եւ իր մանկահասակ դստեր խնամքը հանձնեն ամուսնուն՝ Յանիս Սարկիսովին: Ձեռագրի նույնականացման ուղղությամբ նշանակվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն, որի արդյունքները թեեւ դեռեւս հայտնի չեն, սակայն  էական ազդեցություն կարող են ունենալ Սարկիսովին առաջադրված մեղադրանքի վրա: Ուշագրավ է, որ Յանիս Սարկիսովը կնոջ մահվանից հետո  դիմում է ներկայացրել համապատասխան մարմիններին՝ դստեր նկատմամբ հայրությունը ճանաչելու եւ նրա խնամակալությունը ստանձնելու համար:  (Նրա եւ Զարուհի Պետրոսյանի ամուսնությունը գրանցված չի եղել եւ Զարուհին համարվել է որպես միայնակ մայր): Երեխայի խնամակալությունը ստանձնելու նպատակով դիմում է ներկայացրել նաեւ նրա հայրական  տատը՝ Լիլիա Սարկիսովան, ինչպես նաեւ Զարուհու քույրը` Հասմիկ Պետրոսյանը:

Զարուհու հարազատները պնդում են, որ Սարկիսովներն ուզում են հապճեպ  ստանձնել երեխայի խնամակալությունը, քանի որ հույս ունեն, որ այդ հանգամանքը կարող է մեղմել Սարկիսովին առաջադրված մեղադրանքը:

«Ո՞նց հասկանանք, արդեն քանի տարի է՝ ամուսնացած են եղել, սակայն Յանիս կոչվող մարդասպանը չի ցանկացել ճանաչել իր հայրությունը երեխայի նկատմամբ: Բայց հիմա, քանի որ մեղադրվում է իր երեխայի մորն սպանելու մեջ, հանկարծ հիշել է, որ հայր է, երեխա ունի: Պարզ է, որ նման որոշման նպատակն այն է, որ քիչ դատվի»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երեխայի մորաքույրը՝ Հասմիկը: Ի դեպ, նա եւս դիմում է ներկայացրել՝ որբացած Լիլիայի խնամակալությունը ստանձնելու համար: Ինչպես հայտնեցին Զարուհու հարազատները, Մասիսի քաղաքապետարանի իրավաբանական վարչությունից համապատասխան մասնագետները եկել ու զրուցել են իրենց հետ, ուսումնասիրել  կենցաղային պայմանները, որում ապրում են, որպեսզի ըստ այդմ կողմնորոշվեն խնամակալության թույլտվություն տալու հարցում: «Վստահ ենք, որ երեխային մեր խնամքին կհանձնեն, եւ ոչ թե նրա մարդասպան տատին ու հայր կոչեցյալին»,-նկատեց Հասմիկի սկեսուրը՝ տիկին Անահիտը, ով ասաց, որ եթե մերժեն խնամակալության թույլտվությունը, իրենք դիմելու են հնարավոր բոլոր ատյաններին՝ Լիլիային իրենց խնամքին վերցնելու համար: Ի դեպ, փոքրիկ Լիլիան այժմ իր հորական տատի մոտ է: Լիլիայի մոր հորաքույրը ժամանակ առաջ փորձել է տեսակցել երեխային, սակայն նրան Լիլիա Սարկիսովան վռնդել է: Այս փաստը խիստ անհանգստացնում է երեխայի մայրական կողմի հարազատներին: «Մարդասպանների խնամքին երեխա թողնելը վտանգավոր է»,-ասում են նրանք:  
    
Հեղինե Մանուկյան