«Եհովայի վկաներ» քրիստոնեական կրոնական կազմակերպությունը հերքում է, որ նոյեմբերի 8-ին Սեւան քաղաքի Նալբանդյան 33 շենքի 10-րդ բնակարանում ծնողներին սպանած 23-ամյա Արման Խաչիկի Թորոսյանը Եհովայի վկա է: «Նա Եհովայի վկա չէ, չի եղել եւ որեւէ կապ չունի Եհովայի վկաների հետ»,- նշել են այդ կազմակերպության ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 8-ին ժամը 16:00-ին տվյալ բնակարանում աղմուկի, հայհոյանքի եւ վիճաբանության ձայներ էին լսվել: Ահազանգի հիման վրա ոստիկանության Սեւանի բաժնի աշխատակիցները 2-3 րոպեում հասել էին դեպքի վայր եւ նկատել, որ շենքի մուտքից ինչ-որ մեկը շնչակտուր դուրս է փախել: Ոստիկանները ձերբակալել են փախչող երիտասարդին: Նրանք բնակարանում հայտնաբերել են ամուսինների դիակները` դաժանաբար խոշտանգված: Ամուսինը եղել է 64-ամյա Խաչիկ Եգորի Թորոսյանը, իսկ կինը` 57-ամյա Մարիետա Մնացի Թորոսյանը, որոնց սպանել էր բնակարանիդ դուրս փախչող որդին` Արման Թորոսյանը:

Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը NEWS.am-ին հայտնել էր, որ շենքի բնակիչների ներկայացմամբ, ծնողներին սպանող երիտասարդը հայտնի է որպես «Եհովայի վկա» եւ մշտապես վեճեր է ունեցել ծնողների հետ: Նա իր այդ վարքը պատճառաբանել է նրանով, որ կատարում է Եհովա աստծո պատվիրանը:

Հանցագործության վայրում հայտնաբերվել էր փոքր, 3 կգ-անոց գազի բալոն` արյան հետքերով: Հավանաբար տղան նաեւ գազի բալոնով է հարվածել ծնողներին:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սեւանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104  հոդվածի երկրորդ մասի առաջին կետով:

Մեր  տեղեկություններով՝ մարդասպան երիտասարդին նշանակել են նաեւ հոգեբուժական փորձաքննություն: