Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ: Այդ մասին, երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի եւ արտերկրում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանն ասել է, թե ցանկացած վիճահարույց խնդիր պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, անմիջական եւ անկեղծ երկխոսության միջոցով:

Նախագահը հատուկ նշել է, որ խոսք անգամ լինել չի կարող Արցախի անկախության եւ անվտանգության չնչին իսկ թուլացման մասին: Այս բացառիկ արժեքները սակարկության ենթակա չեն:

Հանդիպման ժամանակ քննարկվել է արտաքին քաղաքականության եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանանակ: ԼՂՀ ղեկավարը նաեւ նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ամբողջ աշխարհում, այդ թվում եւ մեր տարածաշրջանում տեղի ունեցած կարեւոր աշխարհաքաղաքական զարգացումները եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող գործընթացները պահանջում են ավելի ակտիվ եւ համակարգված աշխատանք:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Գեորգի Պետրոսյանը, արտերկրում ԼՂՀ մշտական ներկայացուցիչները: