ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն, այսօր՝ մարտի 7-ին, ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին եւ ներկայացրել սահմանամերձ գոտիներում իրականացված միջոցառումները:
ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին սահմանամերձ գոտիներում քաղաքացիական և համայնքային կառույցների՝ արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ու աղետներին դիմակայունության մակարդակի բարձրացման հարցերը:
Նախարար Տոնոյանը Ա. Կասպրչիկին ներկայացրեց մարդասիրական միջազգային ծրագրի շրջանակում սահմանամերձ գոտիներում իրականացված միջոցառումները՝ աղետների ռիսկի նվազեցման և աղետներին արձագանքելու բնակչության պատրաստվածության ուղղությամբ, ինչպես նաև՝ նախանշեց ՀՀ ԱԻՆ-ի և ԵԱՀԿ-ի համագործակցության ուղիները վերոնշյալ ոլորտներում:
Հանդիպման ավարտին Դ. Տոնոյանն ու Ա. Կասպրչիկն այցելեցին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղ հյուրին ներկայացվեցին կենտրոնի գործունեությունն ու տեխնիկական հագեցվածությունը:




























