Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով դիվանագետին` նախագահ Սարգսյանն ասել է, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է եւ տնտեսական հիմնական գործընկերը, ուստի երկկողմ հարաբերությունների մակարդակը շատ բարձր է, իսկ տարվող աշխատանքների ծավալը` ընդգրկուն: Նա այդ իսկ պատճառով առանձնահատուկ նշանակություն է տվել Ռուսաստանի Դաշնության դեսպանի առաքելությանը Հայաստանում:
Վյաչեսլավ Կովալենկոն ասել է, որ դեսպանի պաշտոնում իր լավագույն ջանքերը կներդնի հայ-ռուսական ռազմավարական փոխգործակցության համակողմանի զարգացման համար եւ նշել, որ անձամբ մեծ համակրանք ունի հայ ժողովրդի, նրա պատմության ու մշակույթի հանդեպ:
Հավատարմագրերի հանձնմանը հաջորդած զրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը եւ դեսպան Կովալենկոն քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:




























