ՊԵԿ կազմակերպման եւ հսկողության վարչությունը 2016 թվականին իրականացրել է 96 ստուգում, որի արդյունքում արձանագրել է 66 մլն դրամից ավելի լրացուցիչ հարկային պարտավորություն:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ արձանագրված գումարի զգալի մասն առաջադրվել է 136  չգրանցված վարձու աշխատողների հայտնաբերման արդյունքում: Լրացուցիչ հարկային պարտավորություններ են արձանագրվել նաեւ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումներով:

19 ստուգում է իրականացվել նաեւ մեկ անձին պատկանող ընդհանուր բիզնեսը մեկ եւ ավելի հարկ վճարողների միջեւ տրոհած կազմակերպություններում, ինչպես նաեւ իրական ՓՄՁ չհանդիսացող հարկ վճարողների մոտ: Արդյունքում 15 հարկ վճարողի վերաբերյալ ստեղծված նյութերն ուղարկվել են ՊԵԿ ՕՀ վարչություն` հետագա ընթացքն ապահովելու նպատակով, իսկ մնացածը միավորվել են:

Միաժամանակ, իրականացված արտաքին դիտարկումների արդյունքում, պարզվել է, որ 205 հարկ վճարողի մոտ հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտումները կրում են համատարած բնույթ, ինչպես նաեւ առկա են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չձեւակերպված վարձու աշխատողներ, եւ նշված հարկ վճարողներն իրական ՓՄՁ-ներ չեն հանդիսանում: Նրանց վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվել է համապատասխան հարկային տեսչություններին` սահմանված կարգով հսկողական աշխատանքներ իրականացնելու նպատակով: