Թուրքական թատրոնի հայտնի հայ վարպետ, դերասան Միսաք Թորոսի հիշատակման եւ թաղման արարողություններին հազարավոր մարդիկ են մասնակցել։

Նոյեմբերի 7-ին մահացած Միսաք Թորոսին նվիրված հիշատակի արարողությունը տեղի է ունեցել Թաքսիմի Ֆերհան Շենսոյ թատրոնում, որտեղ ցուցադրվել են հայտնի դերասանի մասնակցությամբ թատերական ներկայացումներից եւ ֆիլմերից հատվածներ։ Թուրք հայտնի արվեստագետներն իրենց ելույթներում հիշեցրել են, որ Միսաք Թորոսը թուրքական նոր թատրոնի հիմնադիրներից է, ումից իրենք շատ բան են սովորել։

Այնուհետ, Միսաք Թորոսի երկրպագուներն իրենց ուսերի վրա կրել են սպիտակ վարդերով ծածկված  դագաղը մինչեւ Թաքսիմի հայկական Երեք Խորան եկեղեցի, որտեղ տեղի ունեցած սգո արարողությունից հետո Միսաք Թորոսի դին հողին է հանձնվել Շիշլի հայկական գերեզմանոցում։

Նշենք, որ նոյեմբերի 7-ի երեկոյան Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող «Ազատ եւ ընդունված մասոնների միության» շենքում վերելակ նստելիս մահացել է 70-ամյա Միսաք Թորոսը։

Բեյօղլուի ոստիկանության աշխատակիցների ուսումնասիրություններից հետո Միսաք Թորոսի մահը գրանցվել է որպես «կասկածելի մահ»։ Որոշ տեղեկություններով՝  հայազգի դերասանը մահացել է սրտի կաթվածից։

Թուրքական թատրոնի մեծ դերասան Միսաք Թորոսը խաղացել է մի շարք գեղարվեստական ֆիլմերում,  մեծ հեղինակություն վայելող հեռուստասերիալներում, ինչպես նաեւ դասավանդել է արվեստների դպրոցում։