Նոյեմբերի 10-ին մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Հնդկաստան եւ նրա առաջին հանդիպումը եղել է Նյու Դելիում Հնդկաստանի փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Մոհամադ Համիդ Անսարիի հետ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հնդկաստանի փոխնախագահն ասել է, որ իր երկիրը պատրաստակամ է գործուն քայլեր ձեռնարկել բարեկամ Հայաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացման համար:
Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի ղեկավարությունը մեծ նշանակություն է տալիս աշխարհի կարեւորագույն երկրներից մեկի` բարեկամ Հնդկաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու ընդլայնմանը, եւ իր այցելության գլխավոր նպատակը հենց դա է:
Զրուցակիցներն ընդգծել են քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը, քննարկել են երկկողմ տնտեսական եւ մշակութային կապերի խորացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը` գործարարների միջեւ շփումների ակտիվացման, բարձր տեխնոլոգիաների, կրթական, մշակութային, գյուղատնտեսության, առողջապահության բնագավառներում գործակցության առավել խորացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հնարավորությունները:
Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրները եւ դրանց կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները:
Նույն օրը Նալբանդյանը հանդիպել է Հնդկաստանի մշակութային հարաբերությունների խորհրդի գլխավոր տնօրեն Սուրեշ Գոելին, ծավալուն հարցազրույց է տվել Asian Age հեղինակավոր պարբերականին:
Այսօր նախատեսված են Հայաստանի եւ Հնդկաստանի ԱԳ նախարարների բանակցությունները, Էդվարդ Նալբանդյանի ելույթը Միջազգային հարաբերությունների հնդկական խորհրդում, ինչպես նաեւ հարցազրույցը Հնդկաստանի պետական հեռուստատեսությանը:




























