ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 10-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:
Կողմերը քննարկեցին Վերին Լարսի խնդրի շուրջ Վրաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին եւ հնարավոր այլընտրանքային ուղիներին առնչվող հարցեր:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը կարեւորեց «Հարավկովկասյան երկաթուղու» կողմից առաջարկվող Հայաստան-Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ երկաթուղով եւ լաստանավով բեռնափոխադրումների տարբերակը:
Նվազեցված սակագների պայմաններում այդ երթուղին՝ ավտոմոբիլային փոխադրումների համեմատությամբ, բավական մրցունակ է դարձել: Երթուղին շահեկան է ներմուծող-արտահանողների համար ոչ միայն սակագների մատչելիության տեսանկյունից, այլեւ այն իրական այլընտրանք է Վերին Լարսով անցնող ավտոմոբիլային երթուղու համար։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:




























