Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամները Երեւանում նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը այլ հարցերի հետ միասին քննարկել են նաեւ Գյումրիում Ռուսաստանի ռազմաբազաների տեղակայման ժամկետները երկարաձգող արձանագրությունների վավերացման հարցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
Նա նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանները պետք է միաժամանակ վավերացնեն արձանագրությունները:
«Տարածաշրջանում այսօր ստեղծված իրավիճակի կոնտեքստում դա շատ կարեւոր միջոց է, որը չպետք է ձգձգել»,-ընդգծել է նա:
Նշենք, որ փաստաթուղը ստորագրվել էր այս տարվա օգոստոսին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնական այցի շրջանակներում:





























