Ամուր հիմքերի վրա գտնվող հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է, եւ երկկողմ կապերի սերտացման գործում կարեւոր դեր ունի նաեւ միջխորհրդարանական համագործակցությունը: Այսօր` նոյեմբերի 11-ին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով իր նստավայրում ընդունել է ՀՀ ազգային ժողովի եւ ՌԴ դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությանը` հանձնաժողովի համանախագահներ, Հայաստանի Ազգային հերոս, ՌԴ դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովի եւ ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արամ Սաֆարյանի գլխավորությամբ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն նշել է, որ Հայաստանը գնահատում եւ երախտագիտությամբ է վերաբերվում իր բարեկամներին, դրանց շարքում ներառելով ՌԴ պետական դումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին, ում ՀՀ նախագահը պարգեւատրել է Պատվո շքանշանով` ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ համագործակցության խորացման, ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Նիկոլայ Ռիժկովը Սերժ Սարգսյանին է ներկայացրել ՀՀ ազգային ժողովի եւ ՌԴ դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախորդ նիստերում կայացված որոշումների արդյունքում մինչ այժմ իրականացված աշխատանքն  ու երեւանյան հերթական նիստում քննարկվելիք հարցերը, որոնք միտված են նորարարության, բարձր տեխնոլոգիաների, գիտության եւ կարեւորագույն մի շարք այլ ոլորտներում երկու երկրների միջեւ փոխգործակցության զարգացմանը: