Երուսաղեմի պատմական կենտրոնում դանակով իսրայելցի երկու սահմանապահների վրա հարձակված պաղեստինցին մահացել է, հաղորդում է  France Presse-ը:

Գործակալության տվյալներով՝ հարձակվողը բնակվել է Արեւելյան Երուսաղեմի տարածքում: Ըստ ոստիկանության՝ վաղ առավոտյան ավտոմեքենայով հարձակվողը եկել է Առյուծի դարպասների մոտ, որոնք տանում են Հին քաղաքի մուսուլմանական թաղամաս եւ դանակով հարձակվել այնտեղ հերթապահող սահմանապահների վրա: Ծավալված պայքարում նրանցից մեկը հրազեն է կիրառել: Հարձակվողը վախճանվել է ստացված վերքերից:

Հարձակումը տեղի է ունեցել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրադրության  հարաբերական կարգավորման ֆոնին՝ մի քանի ամիս տեւած գրեթե ամեն օր արաբական հարձակումներից հետո: «Միայնակ ահաբեկչության» ալիքին զոհ է դարձել 40 մարդ, վիրավորվել են հարյուրավորները: