Բելառուսում դատարանները տուգանքներով եւ վարչական կալանքներով են պատժել «պորտաբույծների» հարկի դեմ բողոքի չարտոնված ակցիայի մասնակիցներին, որն անցած հանգստյան օրերին տեղի է ունեցել երկրի մի շարք քաղաքներում: Այս մասին հաղորդվում է «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի կայքում:

Կենտրոնի հաղորդագրության մեջ նշված է, որ Օրշայի դատարանը չարտոնված ակցիային մասնակցելու համար լրագրող Վիկտոր Անդրեեւին 13 օրվա վարչական կալանքի է դատապարտել, ակտիվիստ Իգոր Միխասեւին՝ մոտ 345 դոլարի տուգանքի: Բրեստում տեղի ակցիայի մասնակիցներ Անդրեյ Դենյուշկինին, Ռուսլան Խալիկովին, Դմիտրի Լեւչուկին կալանավորել են 5-ական օրով՝ մանր խուլիգանության համար, Կոնստանտին Կոպատին՝ 15 օրով, իսկ Դանիլա Պալյանսկին պետք է մոտ 115 դոլարի տուգանք վճարի:

Անցած հանգստյան օրերին Բելառուսի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են ընթացել ընդդեմ «պորտաբույծների հարկման» որոշման: Այսպես կոչված, «ոչ պորտաբույծների երթերի» ժամանակ ձերբակալվել են մի քանի պարբերականների լրագրողներ: Բելառուսի Լրագրողների ասոցիացիայի տեղեկություններով՝ բողոքի ակցիայի ժամանակը ընդհանուր 19 լրագրող եւ բլոգեր է ձերբակալվել: Նրանցից մեծ մասին  մի քանի ժամ անց ազատել են: