Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ  Միլսն այսօր՝ մարտի 13-ին, այցելել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կենտրոնական շտաբ եւ հանդիպել դաշինքի նախընտրական ցուցակի առաջին եռյակի՝ Սեյրան Օհանյանի, Արմեն Մարտիրոսյանի եւ Վարդան Օսկանյանի հետ։

Դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանի փոխանցմամբ, հանդիպմանը նաեւ մասնակցել են ԱՄՆ դեսպանատան քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանը, նույն բաժնի քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանը։ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամներն անդրադարձել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, հյուրերին ներկայացրել նախընտրական քարոզարշավի ընթացքը, ինչպես նաեւ դաշինքի ծրագրերը ներքին եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ։

«Կարեւոր է, որ այս ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններն ու դաշինքները հանդես գան Հայաստանի ապագայի վերաբերյալ հստակ տեսլականով: Սա հիմք կհանդիսանա այնպիսի քարոզարշավի համար, որը դիտարկում է առկա հիմնախնդիրները եւ նպատակ ունի հայ  ընտրողներին հնարավորություն տալ ընտրել ճանապարհային քարտեզ, որով առաջնորդվելիս կշարունակվի ինքնիշխան ու բարեկեցիկ պետության կառուցումը: Մենք հորդորում ենք բոլոր հայ ընտրողներին դառնալ ժողովրդավարական գործընթացի մասնակից եւ ապրիլի 2-ին մասնակցել քվեարկությանը, եւ ես խրախուսում եմ բոլոր մարդկանց տեղի չտալ իրենց քվեն գնելու կամ դրա վրա ներազդելու ցանկացած փորձի առաջ եւ ցանկացած կուսակցության նման փորձերի մասին հաղորդում ներկայացնել գլխավոր դատախազին եւ Մարդու իրավունքների պաշտպանին»,- իր խոսքում ասել է Ռիչարդ Միլսը: