Ես շատ վատ եմ վերաբերվում ցանկացած միջադեպերի՝ լինեն դրանք նախընտրական ժամանակաշրջանում, թե ընտրություններից հետո, թե որեւէ այլ ժամանակաշրջանում։ Այս մասին մարտի 13-ին Երեւանի Ավան վարչական տարածքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանը՝  անդրադառնալով Արմավիրի շրջանի Ջրառատ գյուղում վերջերս տեղի ունեցած միջադեպին։

Միաժամանակ վարչապետը հպարտություն է արտահայտել այն կապակցությամբ, որ Երեւանն ընդգրկվել է ամենաանվտանգ քաղաքների ցանկում։ 

«Մեր կուսակից ընկերների հետ հանդիպմանը բազմիցս խոսել ենք դրա մասին եւ հորդորել, որ այս ընտրությունների ժամանակ պետք է ներդնենք ավելի հանդուրժողական մշակույթ, մրցակցությունը լինի գաղափարական, պիտակ չկպցնենք, չսեւացնենք: Ես չգիտեմ՝ ինչ է կատարվել այնտեղ, բայց շատ վատ եմ վերաբերվում»,- ասել է Կարեն Կարապետյանը։

Այն հարցին, արդյոք մեղավորները դիտողություն կստանան՝ վարչապետը պատասխանել է․ «Մենք ուզում ենք կառուցել իրավական երկիր։ Ոստիկանությունը, քննական մարմինները հաշվետու են Կառավարությանը, բայց նրանք իրենց կանոններն ունեն։ Հետեւաբար, ես որպես վարչապետ, շահագրգռված եմ արդյո՞ք հանցագործության բացահայտման մեջ։ Այո։ Շահագրգռված եմ արդյո՞ք, որ հանցագործը պատժվի։ Այո։ Արդյո՞ք պատժամիջոցը կախված է կուսակցական պատկանելիությունից, մաշկի գույնից։ Ոչ»,- ասել է վարչապետը։