Դաշնակցությունը ոչ անձի կուսակցություն է, ոչ անհատի կուսակցություն է: Այդ մասին Լոռու մարզում Գյուլագարակ համայնքում ընտրողների հետ հանդիպմանն ասել է ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը:

Գյուղամիջում հավաքվածները նախ լսեցին կուսակցության ներկայացուցիչներին:

«Դաշնակցությունը ոչ անձի կուսակցություն է, ոչ անհատի կուսակցություն է, այսօր մենք ենք էստեղ, վաղը մենք չլինենք, մեկ ա, Դաշնակցությունը լինելու է: 127 տարի էդ որ մի կուսակցությունն է, որ գործել է ու շարունակում է գործել: Եվ որտեղ որ հայ կա, հայի կողքը կանգած է ամբողջ աշխարհով մեկ, ոչ միայն Հայաստանում: Հայաստանում դեռ պետություն ունենք, պարտավոր է այդ ամենը պետությունը անել, բայց այնտեղ, որտեղ պետություն չկա, Դաշնակցությունն է պետությանը փոխարինել ու իրականացրել այդ ամենը: Չկա այդպիսի կուսակցություն, որ 30-ից ավելի երկրներում ներկայացվածություն ունենա»,-նշեց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը:

ՀՅԴ-ականների հորդորին ի պատասխան՝ ընտրեք մեզ ու պահանջեք մեզնից, գյուլագարակցիներից մեկը ընդվզեց. «Պահանջում ու արդյունքի չեմ հասնում»: «Երբ դու մի անգամ ընտրել ու տեսել ես, որ քո ասածները տեղ չի հասնում, ուրիշին ընտրի», - խորհուրդ տվեց Ռուստամյանը:

«Որ անց ա կենում մի ամիս, երկու ամիս, մի տարի, արդեն իրանք ով եմ, ես ով եմ: Ամեն մարդ պայքարում ա իրա աթոռի հմար, էսօր ես կընտրեմ մեկին, մի տարի հետո ես գնամ իրան դիմեմ, արդեն ես անծանոթ մարդ եմ իրանց հմար»,- նեղսրտեց 59-ամյա Սուսաննա Դանիելյանը: