Տավուշում 62-ամյա կնոջը բռնաբարելու համար 3 տարվա ազատազրկման դատապարտված Արամը համաձայն չէ դատավճռի հետ:
NEWS.am-ի հետ զրույցում 50-ամյա Արամի պաշտպան Գայանե Զաքարյանը հայտնեց, որ վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ պահանջելով արդարացում:
«Մեղադրող կողմին բավարարում է այս դատավճիռը, մինչդեռ մենք համաձայն չենք: Իմ պաշտպանյալը կատարվածի հետ որեւէ առնչություն չունի: Մենք Վերաքննիչում միջնորդելու ենք, որ տուժող կողմն անպայման ներկա լինի, քանի որ ամբողջ գործը սարքվել է հենց նրա հակասական ցուցմունքների վրա, որեւէ ապացույց գործում չկա»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանն ապացուցված է համարել, որ 2016 թ. ապրիլի 15-ին Արամն ապօրինի մուտք է գործել Տավուշի մարզի գյուղերից մեկի 62-ամյա բնակչուհու տուն, բռնություն է գործադրել նրա նկատմամբ ու նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել հետը:
Արամն ալյուրի դատարկ պարկը քաշել է կնոջ գլխին, պարկի վրայից բռնել է նրա բերանը, որ չգոռա եւ բռնության գործադրմամբ նրան տարել է ննջասենյակ: Այնտեղ մի քանի անգամ ապտակել է 62-ամյա կնոջը, պահանջել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ, սակայն կինը մերժել է: Արամը նրան հրել, գցել է մահճակալին, հանել է նրա շորերը եւ սեռական հարաբերություն ունեցել նրա հետ: Այնուհետեւ լսելով ոտնաձայներ՝ Արամը դադարեցրել է իր գործողությունները ու թաքնվել նույն սենյակում գտնվող մանկական մահճակալի հետեւում: Տուժողի դուստրը տեսել է Արամին, որից հետո նա փախչել է:
Արամ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 138 հոդվածի 1-ին մասով (բռնաբարություն) եւ 147 հոդվածի 1-ին մասով (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը): Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:



























