Նորածնի առքուվաճառքի գործով նախաքննությունը կատարվել է բազմաթիվ խախտումներով, վարույթն իրականացնող մարմինը ոչ օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն է իրականացրել։ NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գործով մեղադրյալ, բուժքույր Գոհարիկ Խաչատրյանի պաշտպան Հերմինե Միքայելյանը:
«Քննիչը որոշում է կայացրել, որ Քրիստինե Կիրակոսյանը, պահելով երեխային, հանդիսանում է նրա մայրն ու խնամակալը։ Ընտանեկան օրենսդրության բոլոր նորմերին սա չի համապատասխանում։ Նախ, քննությամբ էլ է ապացուցվել, որ Քրիտսինեն երեխայի կենսաբանական մայրը չէ, քանի որ երբեք չի ծննդաբերել, երկրորդ, երեխային որդեգրելու համար որեւէ օրինական ընթացակարգ չեն անցել։ Եվ այս պայմաններում Քրիստինեն ճանաչել է խնամակալ։ Գլխավոր դատախազության համար սա նորմալ է։ Ինքս բողոքարկել եմ դատախազություն սրա վերաբերյալ, սակայն մերժել են իմ միջնորդությունը։ Դատարանում նույնպես միջնորդություն եմ ներկայացրել, քննությունն ընթանում է»,– ասաց փաստաբանը։
Փաստաբանի խոսքով, Քրիստինե Կիրակոսյանը շարունակել է հանցագործություն կատարել։ Հերմինե Միքայելյանի պնդմամբ, Քրիստինեն վերցրել է երեխայի կեղծ փաստաթղթերն ու ներկայացրել եւ սոցապնախարարություն, եւ աշխատանքի վայր. «Դպրոցից Քրիստինեն արձակուրդային է ստացել, իսկ նախարարությունից էլ միանվագ 50 հազար դրամ նպաստ։ Ես դպրոցից եւ նախարարությունից վերցրել եմ բոլոր փաստաթղթերն ու ներկայացրել դատախազությանը, նրանք քրեական գործ հարուցեցին, ավելի ուշ կարճեցին՝ պարզաբանելով, թե երեխան իր մոտ է, պետք է մայրը ստանար, ինքն է ստացել»։
Փաստաբանի կարծիքով, նախաքննության ընթացքում որեւէ ապացույց ձեռք չի բերվել, որ իր պաշտպանյալը մեղավոր է, սակայն այս պայմաններում նրան մեղադրանք է առաջադրվել։
Նշենք, որ գործն ուղարկվել է արդեն Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան; Դատաքննությունը դեռեւս չի սկսվել, նիստերը տարբեր պատճառաբանություններով հետաձգվել են։
Ըստ մեղադրական եզրակացության՝ բուժքույր Գոհարիկ Խաչատրյանը, բժշկուհի Կարինե Անտոնյանը, երեխայի մայր Ալլա Կարապետյանն ու երեխայի ենթադրյալ գնորդ Քրիստինե Կիրակոսյանը կազմակերպել են խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը եւ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը եւ այդ նպատակով պաշտոնական փաստաթղթեր կեղծելը:
Բժշկուհուն ու բուժքրոջը մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-168-րդ եւ 325-րդ հոդվածներով, իսկ Ալլային եւ Քրիստինեին՝ 168-րդ հոդվածի 1-ին մասով: Չորսն էլ ստորագրւթյամբ ազատ են արձակվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. ապրիլի 9-ին Արմավիրի մարզի բնակչուհիներից մեկն իր նորածնին 3 հազար ԱՄՆ դոլարի դիմաց վաճառել է իր նորածին երեխային Արարատի մարզի բնակչուհուն: Պարզվել է, որ Արարատի մարզի բնակչուհին եւս 2 հազար ԱՄՆ դոլար վճարել էր միջնորդին՝ բուժքույր Գոհարիկ Խաչատրյանին:
Հունիսի 8-ին ձերբակալված բժշկուհի Կարինե Անտոնյանին եւ բուժքույր Գոհարիկ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել, նրանք կալանավորվել էին: Կարինե Անտոնյանն ու Գոհարիկ Խաչատրյանն ավելի ուշ ազատ են արձակվել: Մեղադրանք է առաջադրվել նաեւ նորածնին վաճառելու մեջ կասկածվող Ալլա Կարապետյանին ու նորածնին գնելու մեջ կասկածվող Քրիստինե Կիրակոսյանին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:




























