Հայաստանում երգիչները ակտիվորեն զբաղվում են քաղաքական գործիչների փիարով,սակայն իրենց մի կողմ քաշված են համարում։ Այս մասին մարտի 14–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ դա արմատապես տարբերում է Հայաստանին արեւմտյան երկրներից։ Այնտեղ չի կարելի պատկերացնել, որ միեւնույն երգիչը կամ դերասանը այսօր աջակցի ձախակողմյաններին, վաղը՝ աջակողմյաններին կամ այսօր Թրամփին, վաղը՝ Քլիթոնին։ Իրենց ազատ են պահում նաեւ լրագրողները՝ սոցկայքերում անկեղծ կարծիք հայտնելով սիրելի եւ ոչ սիրելի կուսկացությունների մասին։
«Արեւմուտքում լրագրողին կարող են աշխատանքից հեռացնել նույնիսկ որեւէ քաղաքական գործչի կամ կուսակցության էջը like–ելու համար։ Իսկ Հայաստանում նման բանին անտարբերությամբ են նայում, քանի որ մարդկանց քաղաքական հիշողությունը շատ կարճ է։ Դա քաղաքական գործիչներին օգնում է հավաքագրել, այսպես կոչված, շոու բիզնեսի աստղերին։ Իսկ նրանք էլ նման առաջարկություններն ընդամենը հերթական պատվեր են համարում եւ բավականաչափ զարմանում են, երբ դա քաղաքական գովազդ են անվանում», - նկատել է Մարտիրոսյանը։
Իր հերթին քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նշել է, որ կուսակցության դրոշի ներքո երգն ավելի շուտ է աչքի ընկնում, եթե դա իշխանության դրոշն է։ Ընդդիմության հետ ամեն ինչ ավելի դյուրին է։ Օրինակ՝ ջազային դաշնակահար Վահագն Հայրապետյանը ելույթ է ունեցել «Ելք» ընդդիմադիր դաշինքի միջոցառմանը, եւ ոչ ոք դրան ուշադրություն չդարձրեց։



























