Մոսկվան ու Անկարան բանակցում են Թուրքիային ռուսական սպառազինման գնման համար վարկ տրամադրելու մասին։ Խոսքն այդ թվում Էս 400 «Տրիումֆ» նորագույն ՀՕՊ համակարգերի մասին է։ Այս մասին հայտնել է ռուսական Ռոստեխ պետական կորպորացիայի տնօրեն Սերգեյ Չեմեզովը, գրում է «Կոմերսանտը»։
«Թուրքիան ցանկություն է հայտնել ստանալ վարկ, բայց այդ հարցը դեռ լուծված չէ։ Հիմա արդեն ՖԻնանսների նախարարությունն է բանակցում։ Հենց նրանց պայմանավորվեն այս կամ այն ծավալի վարկ տրամադրելու մասին՝ դրանից հետո մենք կստորագրենք մատակարարման մասին պայմանագրեր»,- ասել է Չեմեզովը։ Նա դժվարացել է ճշգրտել, թե հատկապես երբ է ընդունվելու համապատասխան որոշումը։
Այն մասին, որ Թուրքիան մտադիր է քննարկել «Տրիումֆ» Էս-400 զենիթհրթիռային համակարգերի մատակարարման հարցը, դեռ նոյեմբերին էին հայտնում։ Սակայն նշում էին, որ այդ հարցը բարդությունների հետ է կապված ՝ նախ ռուսական կողմը վստահ չէր թուրքերի մտադրությունների մեջ, եւ հետո պետական անվտանգության մարմինները չէին ցանկանում այդքան լուրջ համակարգը փոխանցել ՆԱՏՕ-ի անդամ երկրի։




























