Ոստիկանության աշխատակիցները Բաթումիում ակցիան ցրելու համար ուժ չեն կիրառել, որպեսզի խուսափեն քաղաքացիների շրջանում զոհերից։ Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Մգեբրիշվիլին, որը հանդիպում է ունեցել Աջարիայի Խուլե ավանի բնակիչների հետ, փոխանցում է Նովոստի վրաստանը։

Նախարարը հաստատել է, որ ոստիկանությունը որոշել է մարտի 12-ին Բաթումիում հատուկ գործողություն չիրականացնել, քանի որ օպերատիվ տեղեկություններ ուներ։

«Մենք ունեինք օպերատիվ տեղեկություն, որ հետաքրքրությունից դրդված փողոց դուրս եկածները կցրվեն։ Մենք միջամտեցինք միայն այն ժամանակ, երբ փողոցում մնացին միայն հանցագործները ՝ այդ բառի բուն իմաստով։ Մեզ համար ավելի կարեւոր է յուրաքանչյուր մարդու կյանքն ու առողջությունը, քան երկու կամ երեք այրված մեքենաները»,- ասել է Մգեբրիշվիլին։

«Դա սադրանք է եղել ու ես խոստանում եմ, որ հանգստություն կլինի եւ Աջարիայում, եւ ամբողջ Վրաստանում։ Մենք դրա համար ռեսւորսներ ունենք»,- ասել է նախարարը։

Բաթումիում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով տուժել ու հոսպիտալիզացվել է 34 մարդ, որոնցից 15-ը՝ ոստիկանության աշխատակիցներ։ Այրվել է 7 մեքենա։ Քաղաքային ենթակառուցվածքին հասցվել է 60 հազար դոլարի վնաս։