Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի շենքը վթարային է: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ արդեն մի քանի օր է, ինչ շենքի տանիքից քարեր են թափվում` վտանգելով մշակույթի պալատ մտնողների եւ աշխատակիցների կյանքը: Ըստ մշակույթի պալատի տնօրեն Արմեն Ներսիսյանի՝ ժամանակին կատարված սխալ շինարարությունն է պատճառը, որ մշակույթի շենքն այժմ այս վիճակում է: ծ

«Խնդիրը շենքի վերանորոգման ժամանակվանից է, քանի որ սխալ է կառուցվել ջրատարերը: Տանիքը ամբողջությամբ պետք է փոխվի, որպեսզի կարողանանք հարցին վերջնական լուծում տալ» ,-ասաց տնօրենը՝ հավելելով, որ խնդրի մասին տեղեկացրել է Վանաձորի քաղաքապետարան, որտեղից եկել եւ ուսումնասիրություններ են իրականացրել:

Ըստ տնօրենի՝ մեծ ֆինանսական միջոցներ են հարկավոր շինարարական լուրջ աշխատանք տանելու եւ խնդիրը վերացնելու համար:

«Ես դիմել եմ քաղաքապետին ու ստացել դրական պատասխան շենքի վերանորոգման համար: Քաղաքապետարանի ճարտարապետական բաժնից եկել, ուսումնասիրել են խնդիրը, պարզապես այստեղ ժամանակի եւ ֆինանսական խնդիրների լուծման հարցն է»,-ասաց նա: