Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Թուրքմենստանի էներգետիկայի նախարար Չարիմիրատ Պուրչեկովին, ով Հայաստան է ժամանել հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է զարգացնելու երկու երկրների միջեւ հարաբերությունները՝ ավելացնելով, որ տնտեսության ու հատկապես էներգետիկայի ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ: Դրա իրացման համատեքստում զրուցակիցները կարեւորել են ՀՀ վարչապետի՝ առաջիկայում նախատեսված պաշտոնական այցը Թուրքմենստան, որի շրջանակում կողմերը կքննարկեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, նախագծեր ու ծրագրեր:
Կարեն Կարապետյանը եւ Չարիմիրատ Պուրչեկովն անդրադարձ են կատարել առեւտրատնտեսական հարաբերությունների, էներգետիկ միջանցքների, իրավապայմանագրային դաշտի զարգացման, գյուղատնտեսության, օդային հաղորդակցության, կրթության եւ գիտության, մշակութային, հումանիտար բնագավառներում համագործակցությանը:



























