Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հատուկ հարցազրույց է տվել Թուրքիայի ամենահին օրաթերթերից մեկին՝ հայկական «Ժամանակ» թերթին։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Էրդողանը, «Ժամանակ»-ի խմբագիր Արա Գոչունյանի հետ զրույցի ընթացքում նշել է, թե ինքը Թուրքիայի հայ համայնքին համարում է իր երկրի արժեքավոր հարստություն։
«Ես գոհունակությամբ հետեւում եմ Թուրքիայի հայ համայնքի ջանքերին՝ ներքին խաղաղության, կայունության պահպանմանն ուղղված աշխատանքներում»,-նշել է Էրդողանը։
Թուրքիայի վարչապետն ընդծել է, թե Թուրքիան Առաջին համաշխարհայինից հետո բոլոր երկրների հետ նոր ժամանակաշրջան է սկսել եւ հավատում է, որ այն Հայաստանի հետ էլ կստացվի։ «Պատմությունը պետք է թողնել պատմաբաններին եւ գիտնականներին եւ միասին առաջ շարժվել։ Ես հավատում եմ, որ դա դեռ հնարավոր է։ Հայկական Սփյուռքի մի հատվածը այս հարցին նման կերպ չի կարողանում նայել, որն էլ գործընթացը փակուղի է մտցնում»,-շեշտել է Էրդողանը։





























