Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանաձեւը քննարկվելու է ՆԱՏՕ-ի խորհրդարանական Վեհաժողովի գարնանային նստաշրջանում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆետ Ասքերովը:
Նրա խոսքով, բանաձեւը, որի քննարկումը նախատեսված էր աշնանային նստաշրջանի ընթացքում, հետաձգվել է Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների պատճառով:
«Մենք նամակով դիմել ենք ՆԱՏՕ ԽՎ-ի ղեկավարին, եւ նշել, թե ադրբեջանական պատվիրակությունը չի կարող մասնակցել նիստին խորհրդարանական ընտրությունների պատճառով՝ խնդրելով հետաձգել բանաձեւի քննարկումը հաջորդ նստաշրջան: Ստացել ենք դրական պատասխան»,- ասել է փոխնախագահը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանաձեւի նախագիծը պետք է քննարկվեր Վարշավայում նոյեմբերի 12-16-ին: Բանաձեւը պատրաստվել է կանադացի զեկուցող Ռեյնել Անդրեյչուկի կողմից: Քվեարկությունը պետք է կայանար նոյեմբերի 14-ին:
Բանաձեւի վերաբերյալ Երեւանի դիրքորոշումն անփոփոխ է. բանակցային գործընթացը պետք է ընթանա ԵԱՀԿ ԽՄ ձեւաչափում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՆԱՏՕ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը, բանաձեւը չքննարկելու խնդրանքով ՆԱՏՕ ԽՎ-ին դիմել է նաեւ Հայաստանի խորհրդարանաի նախագահ Հովիկ Աբրահամյանը:





























