Այսօր՝ մարտի 16-ի երեկոյան վանաձորցի մի խումբ երիտասարդներ նախաձեռնել ու քաղաքի կենտրոնական՝ Հայքի հրապարակում մոմավառություն են արել՝ ի հիշատակ «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի:

Երիտասարդների խոսքով՝ այսօր երեկոյան սկզբնավորված մոմավավառությունը երիտասարդները նախատեսում են շարունակել վաղը՝ 18:30-ին նույն տեղում: Նրանք հրավիրում են բոլորին մասնակցելու «Հաց բերողի» հիշատակին նվիրված մոմավառությանն ու այդպիսով մատուցելու իրենց հարգանքի տուրքը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։

«Հաց բերողը» կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունենալու պատճառով ազատ արձակվեց դեկտեմբերի 30-ին, ապա կրկին կալանավորվեց՝ քննչական մարմին չներկայանալու պատճառաբանությամբ:

Իրեն ազատ արձակելու պահանջով Արթուր Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր: Նրա խափանման միջոցը փոխվեց միայն մարտի 6-ին՝ մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորության դիմաց:

Արթուր Սարգսյանը 48 տարեկան էր, մասնագիտությամբ քանդակագործ, փորագրող վարպետ: