Կարելի էր ավելի շուտ ազատ արձակել «Հաց բերող» Արթուր Սարգսյանին։ Այս մասին մարտի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայկական վերածնունդ» կուսակցությունից պատգամավորի թեկնածու Էդգար Առաքելյանը։ Նա ցավակցություն է հայտնել Արթուր Սագսյանի ընտանիքին ու հարազատներին։
Ի պատասխան այն հարցի՝ արդյո՞ք «Հայկական վերածնունդ» կուսակցությունը կդադարեցնի քարոզարշավը՝ կապված սգո արարողությունների հետ՝ Առաքելյանը նշել է. «Երեկվանից քարոզարշավի շրջանակներում միջոցառումներ չենք իրականացրել։ Ինչ վերաբերվում է գնահատականներին, կարծում եմ ամեն ինչ պարզ է։ Կարելի էր ավելի շուտ նրան ազատ արձակել եւ ուշադիր լինել նրա բուժման հարցին։ Նամանավանդ, երբ այդ մասին բազմիցս խոսվել է»։
Նախնական տվյալներով՝ Արթուր Սարգսյանը մարտի 15-ին մոտ 18։50-ին տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն՝ «ճողվածք» ախտորոշմամբ։ Հենց նույն օրը նա վիրահատվել է։ Կեսգիշերին մոտ նա վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել եւ միացվել արհեստական շնչառություն ապահովող շարքին։ Մարտի 16-ին, մոտ 15։40-ին արձանագրվել է Արթուր Սարգսյանի կլինիկական մահը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։
«Հաց բերողը» կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունենալու պատճառով ազատ արձակվեց դեկտեմբերի 30-ին, ապա կրկին կալանավորվեց՝ քննչական մարմին չներկայանալու պատճառաբանությամբ:
Իրեն ազատ արձակելու պահանջով Արթուր Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր: Նրա խափանման միջոցը փոխվեց միայն մարտի 6-ին՝ մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորության դիմաց:
Արթուր Սարգսյանը 48 տարեկան էր, մասնագիտությամբ քանդակագործ, փորագրող վարպետ:



























