Որպեսզի Հայաստանում այլեւս չկրկնվեն այնպիսի դեպքերը, ինչ կատարվեց «Հաց բերող»-ի հետ, «Ելք» դաշինքը կշարունակի նախընտրական քարոզարշավը եւ կհաղթի իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությանը։ Այս մասին մարտի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ելք» դաշինքից պատգամավորության թեկնածու Գեւորգ Գորգիսյանը։
Նրա խոսքով՝ «Ելք» դաշինքի ներկայացուցիչները պայքարել են «Հաց բերող»-ի՝ Արթուր Սարգսյանի կյանքի համար։ «Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք։ Նրա երկրորդ ձերբակալության ժամանակ եւս փորձեցինք անել ամեն ինչ՝ նրա նկատմամբ խափանման միջոցը կանխելու համար։ Մենք չենք դադարեցնի նախընտրական քարոզարշավը նույնիսկ սգո արարողությունների օրերին, քանի որ չենք կարող մեզ թույլ տալ հապաղել նույնիսկ մեկ օր։ Մենք պետք է ամեն օր աշխատենք, որպեսզի Հայաստանի հանրապետական կուսակցությանը զրկենք իշխանությունից», - ընդգծել է Գորգիսյանը:




























